Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժնևի արևը մայր մտավ

Ժնևի արևը մայր մտավ
14.11.2017 | 01:09

Ժամանակներն արագացել են` ոչ վայելքի, ոչ զիգզագելու, ոչ երազելու շանս չեն տալիս: Հոկտեմբերի 16-ին Ժնևի արևոտ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեկ ամիս էլ չտվեցին` վայելելու իր մարտավարական ձեռքբերումը: Պատճա՞ռը: Ալիևը խախտեց չկրակելու պայմանը: Հակառակը` փորձեց սեպարատ բանակցությունների մեջ մտնել Ռուսաստանի հետ, օգտագործելով Անկարայի խաղաթուղթը: Ալիևի թեթևակի գլխապտույտի պատճառը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումն էր գուցե: Բաքուն հպարտ արձանագրում էր, որ հետայսու կապում է Չինաստանը Եվրոպայի հետ և ԲԹԿ-ն «Մետաքսի մեծ ճանապարհի» մաս է` Ռուսաստանի շրջանցումով, նաև, որ 10 միլիարդ դոլար է դրել երկաթուղու վրա: Պեկինը նախագծին մասնակցելուց հրաժարվել էր, թեպետ թե Էրդողանը, թե Ալիևը ներդրումների կոչ էին արել: Հետաքրքրված չէին և արևմտյան ներդրողները: Բաքվի վարկածով, որ բարձրաձայնել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, ամեն ինչի մեջ մեղավորը հայերն են` «խանգարել են միջազգային ֆինանսական կազմակերպություններին Բաքու-Թբիլիսի-Կարսը համարել արդյունավետ նախագիծ»: Բոլոր ծախսերը կատարել է Ադրբեջանը` տրտնջացել է Իլհամ Ալիևը: Թե նա, թե Էրդողանը երկաթուղու հետ քաղաքական նպատակներ են կապում:

Ալիևը հույս ունի, որ ԲԹԿ-ն խայծ է` Ռուսաստանն իր կողմում պահելու` երկաթուղով ռուսական բեռնափոխադրումների և ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասով: Էրդողանը մտադիր է հայկական կողմին ԲԹԿ-ին մոտ թողնել` թուրք-հայկական հարաբերությունների վերականգնման ու սահմանի բացման խայծով, որի առաջին քայլը կլինի Ազգային մեծ ժողովի օրակարգում քնած Ցյուրիխի արձանագրությունների վավերացումը: Փոխարենը` Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն` Թուրքիայի իբրև համանախագահի ներառումով և Ֆրանսիայի փոխարեն Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ, որից հետո նրանց կարծիքով` իրենց դաշնակից ունենալով Ռուսաստանը, Թուրքիան ու Մեծ Բրիտանիան, Հայաստանը կհամաձայնի սուբստանտիվ բանակցությունների` տարածքների հանձնման ու Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության: Առաջին քայլը նրանք համարում էին արված` Ժնևից հետո Հայաստանը այլևս չէր խոսում Վիեննայի համաձայնություններից: Չստացվեց: Հաշվարկը ավազի վրա էր: Ռուս-թուրքական հարաբերությունները որքան էլ վերելքի մեջ լինեն, իրադարձային են, ոչ Անկարան, ոչ Մոսկվան միմյանց չեն վստահում և բազում հիմքեր ունեն խախուտ համարելու գործակցությունը, որի ատաղձը Արևմուտքի հետ սրված հարաբերություններն են, «եղբայրությունը» կավարտվի, երբ Մոսկվան ու Անկարան հաշտվեն Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ: Ի պատասխան ԲԹԿ-ի` հոկտեմբերի վերջին Մոսկվան հայտարարեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի երկաթուղիները սկսում են մշակել «Եվրասիա» ճեպընթաց միջանցքի նախագիծը, որ կկապի Չինաստանն ու Արևմտյան Եվրոպան: Ճեպընթացը կանցնի Պեկին-Աստանա-Մոսկվա-Մինսկ-Բեռլին երթուղով: Նախագիծը գնահատվել է 119 միլիարդ դոլար: Բացի Մոսկվայից ու Պեկինից` ֆինանսավորմանը կարող են միանալ Ասիական բանկը և ԲՌԻԿՍ-ի բանկը: Նրանցից յուրաքանչյուրը 100 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ներդրումների հնարավորություն ունի: Քաղաքական պատասխանը նոյեմբերի 9-ին տվեց ԵԱՀԿ Մշտական խորհուրդը` քննարկելով ղարաբաղյան հարցը: Փաստացի` սա ԱՄՆ-ի պատասխանն էր, որ ստիպեց նաև Ռուսաստանին փոխել դիրքորոշումը: Քննարկման թեման էր` պե՞տք է բանակցությունները վերսկսվեն առանց հետաքննությունների մեխանիզմների, որը պնդում է Ադրբեջանը, թե՞ ներդրումից հետո, որը Հայաստանն է պնդում: ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ժամանակավոր ղեկավար Հարրի Քամիանը կոչ է արել կողմերին իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները: «Կողմերը պայմանավորվել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի մանդատը, որը, հուսով ենք, կարտացոլվի ԵԱՀԿ 2018-ի բյուջեում: ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին աշխատել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ստեղծման առաջարկների շուրջ»,- ասել է նա:

«Մենք կիսում ենք կողմերի հիասթափությունը, որ հակամարտությունը չափից երկար է շարունակվում, և կարծում ենք, որ ստատուս քվոն անընդունելի է: Միևնույն ժամանակ` բոլորս համաձայն ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ԱՄՆ-ը շարունակում է խորապես հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ ու ամուր կարգավորման որոնման աշխատանքին՝ հիմնվելով մասնակից պետությունների ընդունած սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ինքնորոշման վրա, որոնք արտացոլված են Հելսինկիի Եզրափակիչ ակտում»,- ասել է Հարրի Քամիանը:
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը: Այդ առումով բարձր ենք գնահատում կողմերի՝ շփման գծում լարվածության թուլացման նպատակով լրացուցիչ քայլեր ձեռնարկելու պարտավորությունը: Այդ նպատակին կծառայի նաև 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք միտված են ռազմական ռիսկերի նվազեցմանն ու շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնմանը»:


Լուկաշևիչը, իհարկե, մի թեթև շրջանցել է իրականությունը: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայի հանդիպումը ԱՄՆ-ի նախաձեռնությունն էր` անձամբ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ, հանդիպման օրակարգը հրապարակային էր, տեղեկատվությունը` հասանելի: Օրակարգում փաստացի հայկական պայմաններն էին` վստահության վերականգնման համար վերահսկողության միջոցների տեղակայում շփման գծում, դիտորդների թվի մեծացում:


Պուտինի նախաձեռնած Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Վիեննայի օրակարգից նահանջ էր: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն շատ որոշակի ասաց, որ այդ հանդիպմանը փորձ է արվել չեղարկել կամ շրջանցել Վիեննայի օրակարգը, որ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, չեն ընդունել:
Ի դեպ, Սանկտ Պետերբուրգում 3 նախագահների բուն հանդիպմանը համանախագահները ներկա չեն եղել, նրանց վերջնամասում է հնարավորություն տրվել տեղեկանալ հանդիպման արդյունքներին:
Ժնևի հանդիպումն իսկապես խորհրդավոր էր` պայմանավորվածությունների վերաբերյալ հայտնի է, որ պայմանավորվել են ոչինչ չասել: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կես բառ անգամ չի հրապարակել Ալիևի հետ զրույցից: Իսկ հետո ԱՄՆ-ը հստակ հայտարարեց, որ Մինսկի խմբի ձևաչափը չի փոխվելու:
«Ես վերջերս Վաշինգտոնում էի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման առաջընթացի հնարավոր քայլերը: Կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար մենք շարունակում ենք օգնել առաջատար երկրների ղեկավարներին: ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալուց հետո ընդունվել են որոշումներ, թե ինչ ձևով պետք է այդ գործընթացը շարունակել: Նոր համանախագահ է նշանակվել: Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատասխանելով կոնգրեսականների նամակին՝ ղարաբաղյան շփման գծում քայլերի վերաբերյալ, հայտարարել էր, թե լիովին համամիտ է դիպուկահարների հետքաշման և հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման գաղափարներին, դա պետքարտուղարության դիրքորոշումն է: Փաստացի` Արևմուտքը ղարաբաղյան խնդրում առանցքային է համարում ադրբեջանական դիրքորոշման բեկումը: Հայաստանին մնում էր եռակի համաձայնություն տալ: Միաժամանակ նույն տեսակետը Երևանում, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ ասուլիսում, բարձրաձայնեց և Սերժ Սարգսյանը` ասելով, որ պետք է վստահության մեխանիզմ ձևավորվի բանակցությունները շարունակելու համար, և Երուսաղեմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` «Հայաստանն աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկին, որը կարող է նաև ծառայել որպես կանխարգելման մեխանիզմ», և ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արման Կիրակոսյանը` հաստատելով հայկական կողմի անվերապահ աջակցությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք նախատեսում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ստեղծում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում: Ի՞նչ է պատասխանել Բաքուն: Կառչել է Ժնևից: «2017-ի հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների բարձր մակարդակով հանդիպումը քայլ է ճիշտ ուղղությամբ: Հանդիպումն ապացուցել է, որ առարկայական բանակցությունների վերսկսման նախապայմանները ձախողման են դատապարտված: Մենք դրական ենք գնահատում հանդիպման փաստն ու արդյունքները, որ արտացոլված են համատեղ հայտարարությունում: Մենք սպասում ենք, որ համանախագահները գործնական քայլեր կձեռնարկեն բանակցությունների ակտիվացման նպատակով: Հակամարտության կարգավորման փուլային տարբերակն այլընտրանք չունի և խաղաղության հասնելու լավագույն հնարավորությունն է»,- հայտարարել է Ադրբեջանի պատվիրակությունը: ՈՒ` ի՞նչ:
Ստացվում է` Ադրբեջանը նորից հույսը դնում է Ռուսաստանի վրա, որ շփման գծում իրավիճակի կայունացման միջազգային մեխանիզմի ձևավորումը Ռուսաստանին կզրկի ղարաբաղյան խնդրի վերահսկողության մենաշնորհից, ուստի Մոսկվան դառնում է Բաքվի բնական դաշնակից, որ լռելյայն համաձայնում է հրադադարի մշտական խախտումներին նաև կողմերին իր վաճառած զենքը գործի դնելու ու նոր զենք գնելու անհրաժեշտությունից ելնելով: Իսկ ԵԱՀԿ-ն, հատկապես ԱՄՆ-ը փորձում են տարածաշրջանում հարաբերական կայունություն ստեղծել` վերահսկողության միջոցների տեղակայումը Բաքվի առաջ պարտադիր պայման դնելով: Չի բացառվում, որ Բաքուն նույնիսկ համաձայնի Մոսկվայից պարբերաբար հնչող պահանջներին` շփման գծում ռուսական զորք մտցնելու և Ղարաբաղում ռուսական քաղաքական ներկայությունը ապահովելու վերաբերյալ` առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու: Թեպետ ոչ ոք չի բացատրում` ի՞նչ է նշանակում «քաղաքական ներկայությունը»: ԵԱՀԿ խորհրդի նիստում Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունը դառնում է թեական` չէր կարող ՌԴ-ն բացահայտ հակադրվել ԵԱՀԿ-ին և բարձրաձայնել իր բուն շահերը կոնֆլիկտի գոտում: Առավել ևս, որ Դանանգում Պուտինն ու Թրամփը չհանդիպեցին, միայն համատեղ հայտարարություն եղավ Սիրիայի հարցով: ՌԴ նախագահը չկարողացավ պայմանավորվել աշխարհի վերաբաժանման իր ծրագրերի շուրջ ԱՄՆ նախագահի հետ, որ համաձայն չէ այդ բաժանմանը, այլապես հանդիպումը կկայանար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբում Ադրբեջանը ստացավ 0:3 հաշիվ` շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայման հարցում: Վիեննայի նոյեմբերի 9-ը խաղից հանում է հոկտեմբերի 16-ի Ժնևը: ՈՒրեմն և` թուրք-ռուս-ադրբեջանական որևէ պայմանավորվածության իմաստը: Ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում, այլև տարածաշրջանում: ԲԹԿ-ն կարող է իր բեռները տեղափոխել առանց Հայաստանի: Բաքուն անիմաստ է խաղարկում ԵԱՏՄ-ին անդամակցելու խաղաթուղթը: Անկարան էլ զուգահեռ նոր հարաբերություններ է սկսում ԱՄՆ-ի հետ ` ինչպես հայտարարել են ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Վերադարձ ստատուս քվոյին և հաջորդ հարցին` ԼՂ հարցով բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությանը: Դարձ ի շրջանս` սեպարատ դեգերումներից հետո: Բաքուն չի ստանում իր սուբստանցիոնալը, Մոսկվան` իր զորքերի տեղակայումը, ԵԱՀԿ-ն ասաց` ոչ: Երևանին մնում էր համաձայնել իր շահերի պաշտպանությանը: Ժնևի արևը մայր է մտնում:

Դիտվել է՝ 3726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ